Հայաստանը խորացնում է համագործակցությունը Իրանի հետ
Հայաստանն ու Իրանը ունեն առարկայական համագործակցության բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասն իրականացվում է, մյուս մասը գտնվում է քննարկման փուլում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Խոսելով Իրանի հետ համագործակցության մասին, Ավինյանն առաջին հերթին նշեց «Պարսից ծոց - Սև ծով» նախագիծը: Ավինյանը բացատրեց, որ սա հաղորդակցական նախագիծ է, որն ապահովելու է Պարսից ծոցի կապը Սև ծովի հետ և ենթադրելու է այս երթուղով բեռների փոխադրման հեշտ գործընթաց:
Երկրորդ խոշոր ծրագիրը, որին անդրադարձավ Ավինյանը, իրականացվում է էներգետիկայի ոլորտում: Նա նշեց, որ ներկայում Իրանի հետ իրականացվում է բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիր:
«Իրանական կողմի հետ գործում է էլեկտրաէներգիա գազի դիմաց բարթերային համաձայնագիր: Այս պահին քննարկվում է այս փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնելու հարցը», - ասաց նա:
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ թվարկված համատեղ ծրագրերից բացի, երկրների միջև առկա է նաև ապրանքաշրջանառության աճ: