Բադասյանը խոսել է հանրային ծառայությունների ոլորտում խոստումնալից վիճակագրության մասին
Այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ բացեցինք Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, որտեղ այցելելով տավուշեցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Դրանք են՝
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության,
ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայությունները։
Խոստումնալից վիճակագրություն ունենք այս առումով․ մարտին գործարքների թիվը կազմել է 1608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1379, դիմած քաղաքացիներինը՝ 1143։
Ըստ Բադասյանի՝ այս վիճակագրության մեջ ուրախացնող է այն փաստը, որ գործարքների թիվը գերազանցում է դիմած քաղաքացիների թվին, ինչը նշանակում է, որ մի քանի պետական մարմինների ծառայություններից օգտվելու համար քաղաքացին ստիպված չի եղել այցելել տարբեր հասցեներում գտնվող կառույցներ։
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ կբացվեն բոլոր մարզերում։