Կառավարության շենքի մոտ այսօր՝ ապրիլի 7-ին, ՎԵՏՕ շարժման կանանց ակցիայի ժամանակ ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումներից հետո իրավապահները, ուժ կիրառելով, բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին:
ՎԵՏՕ շարժման կանայք այսօր Երևանի Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվել են կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց դիմավորել են մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները: Ցուցարարները պահանջել են, որ ոստիկանները թույլ տան իրենց ներս մտնել կառավարության շենք և այնտեղ թողնել «զոհերի արյամբ ներկված կարմիր մեխակներ» ու պահանջել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
«Դուք ապահովում եք թուրքահպատակների անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: Հորդորում ենք բացել ճանապարհը եւ թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մենք դա կանենք ինքնուրույն», - դիմելով ոստիկաններին հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարներն իրենց հետ բերել էին թուրքական ֆես:
«Այսօրվա ակցիան խորհրդանշական է, մենք մեզ հետ բերել ենք թուրքական ֆես, որը պատրաստվում ենք տեղադրել թուրք իշխանությունների գլխին ու վռնդել մեր կյանքից ու երկրից, քանի որ Հայաստանի ապագան ու այլ իշխանությունների գործողություններն այլևս անհամատեղելի են», - լրագրողների հետ զրույցում ասել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը:
Ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ կառավարության շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է և շենք մուտքի համար հատուկ ընթացակարգ է պահանջվում:
Դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:
Իրավապահները, ուժ կիրառելով, բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի։