23.11.2024
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԱԽ շենքի դիմաց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պահանջել է բարձրացնել բանակի մարտունակության մակարդակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պահանջել է բարձրացնել զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության մակարդակը, երկուշաբթի հայտնել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունում:


Երկուշաբթի կենտրոնական հրամանատարական կետում գեներալ-գնդապետ Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների եւ ծառայությունների պետերի հետ: Խորհրդակցությանը նաեւ տեսակապով ներգրավվել են Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված միավորումների հրամանատարները, այդ թվում՝ պաշտոնատար այլ անձինք:


«Գեներալ-գնդապետ Հասանովը հանձնարարել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածության մակարդակի եւ մարտունակության բարձրացման վրա զորամասերում», - ասված է հաղորդագրության մեջ:


Վարժանքներ անցկացնելիս հաշվի կառնվի 2020 թվականի աշնանը ղարաբաղյան հակամարտության սրման փորձը, նշել են գերատեսչությունում: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումների ժամանակ կարեւոր է լինելու ապահովել ծառայողների անվտանգությունը եւ պահպանել նրանց առողջությունը, բարձրացնել նրանց բարոյահոգեբանական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ամրապնդել զինվորական կարգապահությունը:


«Գեներալ-գնդապետ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել ռազմական ենթակառուցվածքի զարգացման, ինժեներասակրավորական աշխատանքների եւ զորքերի ինժեներական ապահովման միջոցառումների իրականացման, մարտական հերթապահության մեջ մտնող զինծառայողների զգոնության բարձրացման, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման եւ ստորաբաժանումների կահավորման հետագա բարելավման ուղղությամբ»,-հավելել են մամուլի ծառայությունում:


Անցած տարվա սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են մարտական գործողությունները, որոնք դարձել են բազմամյա հակամարտության շարունակությունը եւ հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջող է եղել նոյեմբերի 10-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Երևանը Բաքվին է փոխանցել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։