Նախարարն ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։
Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները և կառավարության կողմից ընդունված առաջնահերթությունները, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող նոր տնտեսական քաղաքականությունը այժմ վերջնականացման փուլում է։
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի համագործակցությամբ հանրային ներդրումների կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ), ենթակառուցվածքային ծրագրերում իրականացվող համատեղ աշխատանքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի ընթացքը։
Սեբաստիան Մոլինեուսի կողմից առաջարկվել է նախանշել այն ոլորտները, իրավական կարգավորումները, ուղղությունները կամ ծրագրերը, որտեղ Հայաստանին Համաշխարհային բանկը կարող է աջակցություն ցուցաբերել։
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ուղղություններով՝ համագործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։