Երևանի թատերասեր հասարակության համար փետրվարը լի էր սպասված նորություններով՝ թատրոնները վերջապես բացեցին իրենց դռներն ու նորանոր պրեմիերաներով հանդես եկան: Պանդեմիան, իսկ այնուհետև պատերազմը գրեթե մեկ տարով սոֆիտների լույսերն անջատած պահեցին, և հիմա բոլորս փորձում ենք վերադառնալ կյանք: Նախկինի պես, անշուշտ, չի լինի, բայց կյանքը շարունակվում է:
Ձմռան վերջին օրերին Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում ևս պրեմիերա էր. հանրությանը ներկայացվեց գայթակղիչ անվանմամբ՝ «Սեր Ֆրանսիական ձևով» ներկայացումը: Եվ անվանումը չխաբեց՝ բեմում ֆրանսիական թեթև հումոր էր, գեղեցիկ երաժշտություն, իհարկե սեր, ավելի շուտ՝ սիրո բազմազան երանգներ, երիտասարդ դերասաններ, որոնք, չնայած իրենց տարիքին, հաջողությամբ բոլորիս տեղափոխեցին փարիզյան բնակարաններից մեկը, որտեղ էլ կատարվում էր ողջ գործողությունը: Առաջ ընկնելով էլ նշեմ՝ երևանյան ցուրտ երեկոն ֆրանսիականացնել հաջողվեց, ինչի վկայությունն էին շուրջ տասը րոպե չդադարող ծափահարությունները:
Մարկ Կամոլետիի պիեսի առանցքում սերն է. ամուսինը՝ Բերնարդը սիրում է կնոջը, կինը՝ Ժակլինը սիրում է (?) սիրեկանին, վերջինս սիրում է բոլոր կանանց՝ լինի այն մոդել, թե խոհարարուհի, իսկ ամուսնու սիրուհին սեր է փնտրում ու կարևոր չէ, թե որտեղ այն կգտնի՝ ուրիշ կնոջ հավատարիմ ամուսնու, թե այդ ամուսնուց ձանձրացած կնոջ սիրեկանի գրկում: Կարևորը, որ վերջում բոլորը երջանիկ են ու ամենքն էլ մնում է իր հին տաշտակին: Անգամ այս ամենի հետ առաջին հայացքից կապ չունեցող խոհարարուհին է գոհ մնում ամբողջ խառնաշփոթից՝ և՛ գումար վաստակում, և՛ սիրային արկած փախցնում մինչ ամուսինները մեկը մյուսին փորձում են խաբել ու իրենց պլանները կյանքի կոչել, իսկ վերջում էլ տուն վերադառնում թերևս միակ հավատարիմ ամուսնու հետ: Ի դեպ, սուս-փուս, բայց դրանից ոչ պակաս առնական Ջորջի էպիզոդիկ դերը խաղում էր Գևորգ Վարդանյանը և նա փայլուն կարողացավ հասցնել հանդիսատեսին, որ ինքն այս կալամբուրում միակ բարոյական կերպարն է:
Ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը չի կտրվում բեմից, քանզի իրադարձությունները զարգանում են շատ արագ, ու էքսպրեսիայից բացի, նաև իմաստ են պարունակում. մի պահ աչքդ թեքես ու վուալյա՝ Ժակլինը տառապում է սիրեկանի հանդեպ ունեցած խանդից, բայց չի էլ ուզում ուշադրության կենտրոնից թողնել կոտոշավոր ամուսնուն՝ Բերնարդին, որպեսզի նա անգամ չմտածի այլ կնոջ մասին: Եթե նորից թարթես աչքդ, ապա դարձյալ թելը կկտրվի՝ հիմա արդեն անհավատարմության ձգտող Բերնարդն է կնոջ գեղեցիկ գլխին կոտոշներ փորձում դնել, մինչ վերջինիս սիրեկանը բոլորովին երրորդ կնոջ հետ է իր երեկոն շարունակում ու Ժակլինը հիմա էլ տառապում է այս ֆրոնտում խանդի տեղումներից: Մի խոսքով, Ֆրանսիան մնում է Ֆրանսիա՝ սերը, կիրքն ու խանդը խառնված իրար, ինչը բոլորովին էլ չի նշանակում, որ վերջում ամուսինները կբաժանվեն ու մոդելային արտաքինով սիրուհի Սյուզաննան վերջապես կգտնի իր կանացի երջանկությունը կորսված թանկարժեք մուշտակի փոխարեն: Իսկ քեզ մնում է միայն ուշադիր հետևել այդ ամենին, փորձել թվացյալ թեթև դիալոգների հետևում չկորցնել միտքը, թե ով, ում հետ ու երբ, ծիծաղել ուրիշի ընտանեկան դրամայի վրա ու խորը շունչ քաշել, որ նման բան հայաստանյան երեքսենյականոց բնակարաններում դժվար թե տեղի ունենա... թե կարո՞ղ է: Մի խոսքով, ինչպես ասում են սիրառատ ֆրանսիացիրները՝ սելյավի:
Մեկ բան հստակ է՝ «Սեր Ֆրանսիական ձևով» ներկայացումը հուշում է, բայց չի պարտադրում լինել ավելի զգոն, սիրել սեփական, այլ ոչ թե ուրիշի ամուսիններին կամ կանանց, խուսափել ռոբերտանման սիրեկանների թակարդն ընկնելուց ու փորձել այս դժվարին օրերին մի քիչ հումորով նայել կյանքին: Մեզ միայն դա է մնում...
Լիա Խոջոյան