Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության արգելափակման վերաբերյալ՝ նշելով, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում առկա է նաև դեղորայք ու սնունդ, իսկ դրանք հայտարարագրելու համար անհրաժեշտ են համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել:
«2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական ՀԿ-ի կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։ Ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։ ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին»,- ասվում է պարզաբանման մեջ։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, օրինակ՝ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ, ինչը հաստատում է ներմուծված սննդի անվտանգ լինելու մասին․ «Մաքսային մարմինների աշխատանքային պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ նույնպես Ֆրանսիայից «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով սնունդ ձևակերպելիս, սննդի անվտանգությունը ստուգող մարմինը պարզել է, որ ներմուծված պահածոյացված սնունդը ժամկետանց է, և արգելել է դրանց ներմուծումը, ուստի առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ սնունդ ներմուծել Հայաստան»,- հայտնում է կառույցը։
Իսկ դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է առողջապահության նախարարության թույլտվությունը, քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին։
«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է»,- ասվում է ՊԵԿ հայտարարությունում։
Ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը հայտնել էր, որ երկու ամսից ավելի է Ֆրանսիայից Արցախին ուղարկված 9 տոննա մարդասիրական օգնությունը արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում: