5.04.2026
Քննարկվել են Տրանշ-3՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը 2020 թվականին ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում

2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները:


ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում և առևտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում»:


ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու և վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:


Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։ Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից:


Օժանդակելով առևտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։


ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առևտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը:


Ենթակառուցվածքների ոլորտում Բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության և ապահովության ժամանակակից պահանջներին: Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։


ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը:


Բանկը նաև բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ և երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների և դասընթացների միջոցով:


Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնություն`համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ` տեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը:

Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար