Վարդան Այվազյանը չի կալանավորվի. դատախանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը
Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը չի կալանավորվի։ Այդ մասին հայտնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց որոշումը՝ մերժելով նրան կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին Այվազյանը ձերբակալվել էր իշխանության յուրացման փորձ կազմակերպելու կասկածանքով, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել, եւ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, երբ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ մարդիկ ներխուժել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքեր, նաեւ՝ Կառավարական առանձնատուն։
Ձերբակալումից կարճ ժամանակ անց Միհրան Պողոսյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։ Դատարանը, միաժամանակ քննելով այդ բողոքը, որոշեց բավարարել այն․ Այվազյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ։