Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում ունեցել է կարևոր և յուրահատուկ տեղ: Այս մասին «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» բուկլետի շնորհանդես-ասուլիսին հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
«70-ամյա զարգացման ընթացքում երկրորդ հայկական հանրապետությունը կարողացել է հառնել իբրև Փյունիկ մոխրից ՝ արնաքամ, տանջված, ֆիզիակական ոչնչացման եզրին կանգնած ժողովրդի առաջ բացելով հնարավորություն դեպի երկրի զարգացումը: Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Խորհրդային Հայաստանը եղել է բարենպաստ շրջան հայ ժողովրդի համար, որը հնարավորություն է տվել զարգանալ երկրի արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտությանը, սոցիալական և այլ ոլորտներին»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ հատկապես գիտության և մշակույթի զարգացումը այդ ժամանակաշրջանում ուղղակի ֆենոմենալ է:
Ամենակարևորը, շարունակեց Սաֆարյանը, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խելամիտ այլընտրանք չունի: Մենք պետք է լավ իմանանք Հայաստանի վերջին 200 տարիների պատմությունը և հասկանանք, ասաց նա, որ այնտեղ, որտեղ հայկական հասարակության շահերը համընկել են Ռուսաստանի շահերի հետ, այնտեղ միշտ եղել է հաղթանակն ու հաջողությունը.
«Իսկ այնտեղ, որտեղ մեր շահերը էական տարբերություն են ունեցել, պատմությունն ու ճակատագիրը այլ կերպ են վարվել մեր ժողովրդի հետ: Այստեղից մենք եզրակացնում ենք, որ հայ-ռուսական բազմաբնույթ, բազմակողմ հարաբերությունները մեր օրերում նույնպես, ըստ էության, խորությամբ պետք է զարգացնել և անընդհատ կատարելագործել ու արդիականացնել»,- ասաց բանախոսը:
Արամ Սաֆարյանը շեշտեց՝ Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության և ընդհանուր առմամբ տնտեսության զարգացումը Խորհրդային միության տարիներին արդյունք է եղել հայ հասարակության և ԽՍՀՄ ստրատեգիական շահերի համընկման: Գտնվել են տաղանդավոր հայեր, որոնք այդ տասնամյակների ընթացքում հաջողացրել ու հմտորեն զուգորդել են հայ հասարակության շահերը խորհրդային կենտրոնի շահերի հետ և նպաստել են նրան, որ մեր երկրում կարողանան զարգանալ ամբողջական արդյունաբերական, տնտեսական ճյուղեր, զարգանա գյուղատնտեսությունը, գիտությունն ու կրթությունը, որոնք ծառայել են ԽՍՀՄ ահռելի գերտերության շահերին և այդ շահերը սպասարկելով արձանագրվել են տպավորիչ հաջողություններ.
«Հայաստանի գիտությունը, կրթությունը և մշակույթն աննախադեպ զարգացման են հասել այդ տարիներին: Մինչև այսօր մեր զարգացման մարդկային ռեյտինգները աշխարհում ունեն բարվոք տեղ շնորհիվ այն բանի, որ 70 տարվա ընթացքում մենք 700 հազար մարդու անվճար բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ենք ապահովել, կարողացել ենք ստեղծել հարյուր հազարավոր ինժեներների, գիտնականների համար աշխատող գիտահետազոտական հիմնարկներ, ակադեմիական և ճյուղային հաստատություններ, որոնք մեծապես նպաստել են ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը Հայաստանում և ապահովել երկրի զարգացումը»:
Ամփոփելով իր խոսքը, Սաֆարյանը նշեց, որ Խորհրդային միության տարիների ինտեգրացիայի, զարգացման հաջող ընթացքը գալիս է ասելու, որ մենք մեր շահը և օգուտը պետք է փնտրենք Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ասպարեզներում.
«Մենք պետք է կարողանանք լավագույնս զուգորդել մեր ազգային-պետական շահերը , մեր անկախ տնտեսության անվտանգության խնդիրները գործընթացներին կառուցողական և հմուտ մասնակցություն բերելով: Մեր երկրում միշտ եղել են ու կլինեն բանիմաց ղեկավարներ, լուրջ գիտնականներ, տնտեսության և հասարակության լուրջ կազմակերպիչներ, որոնց պետք է գտնել, առաջ քաշել, որպօեսզի նրանք զարգացնեն մեր տնտեսությունն ու գիտությունը»,- հավելեց նա: