VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան: «Իրատեսի» հետ զրույցում պատգամավորներից մեկը նշեց. «Իհարկե պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Այնպես չէ, թե մենք հաշտ ենք տեղի ունեցածի հետ, ուղղակի չենք ուզում երկիրը ցնցումների տանել ու կտրուկ հայտարարություններ անել: Տեղներս չենք գտնում, ամբողջ օրը մտածում ենք՝ ինչ անենք, որ ճիշտ լինի, բայց մեզ էլ է հասկանալ պետք, մենք էլ բոլորի նման անակնկալի ենք եկել»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Փաշինյանի պաշտոնանկությանը կողմ է խմբակցության անդամների մոտ 80 տոկոսը: «Այդ դեպքում ի՞նչն է կաշկանդում, որ անվստահություն հայտնեք նրան»,- հարցրինք: «Նախ այն, որ թիմի ներքին հակասությունները, քննարկումներն ու քննադատությունը հրապարակային չդառնան, երկրի անվտանգության հետ կապված հարցեր էլ կան: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, վստահ են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Թուրքիայից եկող վտանգ ենք տեսնում, մտածում ենք՝ մի փոքր էլ համբերենք, իրավիճակը հանդարտվի, հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց պատգամավորը: Մեզ հետ զրույցում իշխանության ներկայացուցիչը պարզաբանեց՝ Փաշինյանի հրաժարականը չի նշանակում, թե փողոց են դուրս գալու, միանան հրապարակում հավաքվածներին ու «Նիկոլ, հեռացիր» վանկարկեն: Հակառակը, թեեւ Փաշինյանը կգնա, բայց մեկ ուրիշ ՔՊ-ականի կբերեն. «Եթե Փաշինյանը գնա էլ, ապա մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր թիմից որեւէ մեկը կփոխարինի նրան, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել են Արցախի բնակիչների հարցը: Բանն այն է, որ այժմ Երեւանում եւ տարբեր մարզերում Արցախից եկած քաղաքացիներ կան. նրանք տարբեր խնդիրներ ունեն, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, ինչի համար էլ իմքայլականները կառավարության են գնացել՝ հասկանալու համար, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ դրանց լուծում տալու համար: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որին հայրենի օրենսդիրները հարցեր են ուղղել՝ հասկանալու համար, թե ինչպես է նախարարը պատրաստվում այդ հարցերին լուծում տալ: Նախարարն ասել է, որ իրենք ամբողջ իրենց թիմով լծված են այդ աշխատանքները կատարելու համար: Բաթոյանին ասել են, որ արցախցիների համար այսօր գլխավոր հարցը կեցության հարցն է, որին պետք է շտապ լուծում տալ: Փոխվարչապետը հայտարարել է, որ պետք է օրենսդիրն ու գործադիրը ամեն ինչ շատ արագ անեն, որպեսզի այդ հարցերին լուծում գտնեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։ Մեր տեղեկություններով, նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ եւ ասել՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս, չմիանաք վարչապետի անվստահությունը պահանջողներին, չլքեք թիմը։ Պատգամավորներն ասել են՝ թույլ տուր մենք ձեւավորենք կառավարության կազմը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ հանձնաժողովները հիմա քննարկումների մեջ են, թե ում ներկայացնեն նախարարների թեկնածու։ Ըստ այդմ, ԱԺ առողջապահության հանձնաժողովը առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկել ԱԺ փորձագետ, գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանին, պաշտպանության հանձնաժողովը Պնախարարի համար` Անդրանիկ Քոչարյանին, իսկ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովը ԿԳՄՍ նախարար՝ Արեւիկ Անափիոսյանին։ Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը հակված չէ նշանակել Անդրանիկ Քոչարյանին, Պնախարարի ամենահավանական թեկնածուն համարվում է Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ Արեւիկ Անափիոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց իր նախարար նշանակվելու լուրը, բայց ասաց՝ ես տեղյակ չեմ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում անգամ այս խառը օրերին կան մարդիկ, որ փորձում են սեփական նկրտումներն առաջ մղել։ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու երազանքն իրագործելու շեմին է եւ այս հարցում աջակիցների պակաս չունի։ Այս օրերին նրա հետ բանակը վարկաբեկելու ակտիվ գործին է լծվել նաեւ Արման Բաբաջանյանը, որն էլ իր սեփական հավակնություններն ունի։ Ասում են, թե զինված ուժերի վրա ողջ կեղտը թափելը, իրավիճակի միակ մեղավոր կարգելն անձամբ կառավարության հովանավորությամբ ու հրահանգով է իրականացվում։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը ճիշտ կաներ ընդհանրապես լռեր, իսկ եթե այդքան մեծ է խոսելու ցանկությունը, թող նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանի՝ «Իրատես»-ում հրապարակված փաստերին պատասխանի, ու վերջապես ասի, թե Գյումրիում ինչու՞ են իրեն կնքել «հրեշ Անդո» մականունով։ Պարոն Անդոն թող չկասկածի՝ հեռու չէ ժամանակը, երբ ոչ թե Պն կգնա, այլ ուղիղ ոստիկանություն կամ ԱԱԾ..., բայց արդեն բացատրություններ տալու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ժամանակ բազմաթիվ կուրիոզներ ու ձախողումներ են եղել, որոնց մասին երեւի կամաց-կամաց կիմանանք։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք փորձել են իրենց փորձարկումներն անել առաջնագծում կամ ռազմի դաշտում։ Տեղեկացանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը որոշել է անձամբ մասնակցել հայկական արտադրության ԱԹՍ-ների փորձարկմանը եւ այդ նպատակով մի մեծ շքախումբ է կազմել ու իր հետ տարել Գորիս, որպեսզի այդ պատմական քայլին շատերն ականատես լինեն։ Գորիսում նախարարը բազմաթիվ մարդկանց ու տեսախցիկների առջեւ օդ է բարձրացրել ԱԹՍ-ն, սակայն մի քանի մետր թռիչքից հետո այն վայր է ընկել։ Նախարարությունից երեկ չցանկացան մեկնաբանել մեր այս տեղեկությունը, ընդամենը մի հարց էինք ուղղել՝ նախարարն անձա՞մբ է փորձարկել հայկական արտադրության ԱԹՍ-ն, ստացանք պատասխան․ «Չենք մեկնաբանում»։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արշակյանի՝ կառավարությունից հեռանալն արդեն որոշված է, ընդամենը օրերի հարց է»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ չարձագանքեցին: Խորհրդարանական ընդդիմադիրների համոզմամբ՝ ո՛չ Սարգսյանի հայտարարությունն է պատահական, ո՛չ էլ Փաշինյանի «անտարբերությունն» ու նախագահի ասածն անարձագանք թողնելը: «Քաղաքականությունից գլուխ չհանողին անգամ պարզ է՝ Սարգսյանն անում ու ասում է այն, ինչ իշխանությունները թույլ են տալիս: Հետեւաբար մտածել, թե նախագահը կամք է դրսեւորել ու համարձակ հայտարարություն արել, միամտություն է: Նա ընդամենը հող է նախապատրաստում իշխանության հետագա վերարտադրության համար, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը: Մեր զրուցակիցը վստահ է՝ Փաշինյանը վաղ թե ուշ հրաժարական է տալու: Այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական զորքն իրենց դիրքերում կլինեն, վարչապետը կհայտարարի իր հեռացման մասին. «Հենց այդ ժամանակ էլ խորհրդարանը նրան անվստահություն կհայտնի, որպես վարչապետի պաշտոնակատար իշխանական շրջանակներից որեւէ մեկին կընտրի, ու արտահերթ խորհրդարանական ընտրություն-ներ կնշանակվեն: Օրեցօր վարկանիշի անկում գրանցող իշխող թիմը քաջ գիտակցում է՝ եթե մոտ ժամանակներս ընտրություններ չնշանակվեն, հետագայում անգամ անցողիկ շեմն անցնելը դժվար է լինելու: Հետեւաբար, պետք է սեղմ ժամկետներում վերադասավորումներ անել՝ աթոռից չզրկվելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թեւն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաեւ քիթը։ Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայի հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության եւ ԱԺ գույքը վնասելուց զատ, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Նրա հետ էին նաեւ երեխան ու թիկնապահները, որոնք չկարողացան փրկել իրենց պաշտպանյալին։ Ամբոխը հարձակվեց ԱԺ խոսնակի վրա, որն այդ փաստաթղթի ստորագրողը չէր։ Հետագայում հաղորդեցին, որ հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են եւ ձերբակալվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին ճանապարհ փակելով իշխանության բերեցին, ճանապարհ փակելով էլ փորձում են հեռացնել։ Երեկ նրան դավաճան անվանող ու նրա հեռացման համար օրեր շարունակ ակցիաներ, հանրահավաքներ անող բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին դիմել Փաշինյանի սիրած մեթոդին՝ փողոց փակելուն։ Կեսօրին մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել։ Փաշինյանին դեմ դուրս եկած քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր քաղաքացիներն իրենց մեքենաներով փակել էին Բաղրամյան-Մոսկովյան, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի եւ այլ խաչմերուկները ու պահանջում էին Փաշինյանի հեռացումը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճան»։ Ակցիան կարճ տեւեց՝ մոտ 30 րոպե, սակայն միջադեպ գրանցվեց․ Ամիրյան փողոցում Mercedes Sprinter-ի վարորդը զայրացած վարեց իր ճանապարհը փակած ցուցարարների վրա՝ վրաերթի ենթարկելով մի աղջկա, ասացին՝ ՀՅԴ անդամ։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ նա չէր ստացել, բայց միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, մարդիկ պահանջում էին անհապաղ գտնել եւ պատժել մեքենայի վարորդին։ Ենթադրվում է, որ փողոց փակելու ակցիաները շարունակական կլինեն»:
«Իրատես» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցից հետո‚ որտեղ նա անդրադարձավ հայ-ռուս- ադրբեջանական հայտնի հայտարարությանը‚ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը‚ Շուշիի շուրջ իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ պատմեց‚ հայաստանյան լրատվական կայքերից մեկը բավականին հետաքրքիր նորություն շրջանառեց։ Ըստ այդ լրատվամիջոցի՝ Պուտինը‚ ըստ էության‚ այդ հարցազրույցով արձագանքել է Փաշինյանի անձնական խնդրանքներից մեկին։ Ինչպես հայտնի է‚ նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում ինչպես պատերազմական օրերին‚ այնպես էլ զինադադարից հետո։ Եվ ՀՀ վարչապետը‚ հրապարակման համաձայն‚ բողոքել է ՌԴ նախագահին‚ որ բավականին լուրջ իմիջային‚ քաղաքական և վարկանշային կորուստներ է կրել՝ ստորագրելով հայտարարությունը։ Հայտարարության կետերն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու դեմ երկրի ներսում բավականին լուրջ դիմադրություն է առաջացել։ Եվ ընդդիմության ճնշող մեծամասնությունը‚ որ ռուսամետ է‚ ամենաշատն է Փաշինյանի արարքը որակում որպես դավաճանություն։ Այսպիսով՝ ՀՀ վարչապետը ներկայացրել է Պուտինին‚ որ եթե ընդդիմությունը Փաշինյանից իշխանությունը վերցնի‚ կդադարեցվի փաստաթղթի իմպլիմենտացիան։ Ըստ վերոնշյալ հրապարակման՝ Փաշինյանը որոշակի շանտաժի նոտաներով հասկացրել է‚ որ եթե այդպես շարունակվի‚ ապա ստեղծված մթնոլորտում չի կարող կյանքի կոչել հայտարարության կետերը։
Այս առումով‚ ամենայն հավանականությամբ‚ ռուսաց թագավորին բողոքի նամակները որոշակի անհանգստություն առաջացրել են ռուսական իշխանության մոտ։ Նշենք‚ որ մինչ Պուտինի հարցազրույցը հարցի շուրջ խոսել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հայտարարելով‚ որ եռակողմ հայտարարությունը չի կարող չկատարվել կամ փոփոխման ենթարկվել։ Իսկ բառացիորեն հաջորդ օրը ՌԴ նախագահը նույն թեմայով հանդես եկավ ծավալուն հարցազրույցով։ Հարցազրույցը բավականին հետաքրքիր էր‚ բովանդակալից‚ պարունակում էր լուրջ տեղեկատվություն‚ ուղերձներ ու քաղաքական ակնարկներ։ Պուտինը‚ որպես աշխարհաքաղաքական խաղացող‚ փորձված քաղաքական գործիչ‚ մանրակրկիտ անդրադարձավ ստեղծված իրավիճակին։ Եվ նա կարծես թե բավարարել է Նիկոլ Փաշինյանի սպասումները‚ իսկ Փաշինյանի ամենագլխավոր ակնկալիքն ու նպատակը պատմության մեջ դավաճանի կերպարով չմնալն է։ Պուտինն ասաց այն‚ ինչ տենչում էր Փաշինյանը՝ հայտարարելով‚ որ համաձայն չէ ՀՀ վարչապետին դավաճանի պիտակ կպցնելուն։ Սակայն այլ հարց է‚ թե ինչ սոուսով‚ ինչ պատմություններ բացահայտելով՝ նա դա արեց։ Ըստ էության‚ ՌԴ առաջնորդը դա ասաց Շուշիի մասին պատմելիս։ Նա հերքեց Նիկոլ Փաշինյանի այն պնդումը‚ թե Շուշին մշտապես մտել է հանձնվող տարածքների ցանկի մեջ։ Նախ՝ այդ պնդումը հերքվեց Երևանում‚ երբ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց‚ որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում‚ ինչին հետևեց արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի դիմումը։ Այնուհետև նույն բանը վերահաստատեց Ռուսաստանի նախագահը։
Նա ակնարկեց‚ որ Շուշիի հանձնման տարբերակը Փաշինյանն իր ոչ կոմպետենտությամբ‚ անկարողությամբ ու անլուրջ վերաբերմունքով բարդեց մեզ վրա։ Նշվեց‚ որ կապիտուլյացիայից 20 օր առաջ Փաշինյանին առաջարկվել էր տարբերակ‚ ըստ որի՝ Շուշին մնում է հայերի վերահսկողության ներքո‚ և միայն թույլատրվում էր 25 տարի առաջ Շուշին լքած ադրբեջանցի փախստականներին վերադառնալ։ Պարզ է‚ որ դա շատ ֆորմալ բնույթ էր կրում‚ քանի որ դժվար էր պատկերացնել‚ թե ինչպես ադրբեջանցիները բնակություն կհաստատեին հայերի կողմից վերահսկվող քաղաքում։ Սակայն այս առաջարկը մերժվել է ՀՀ վարչապետի կողմից‚ և ըստ էության‚ ինչպես նշեց Պուտինը‚ ՀՀ կառավարության ղեկավարը սխալ հաշվարկ էր կատարել։ Փաստորեն‚ Պուտինը նշեց‚ որ Փաշինյանը դավաճան չէ‚ սակայն միաժամանակ ընդգծեց‚ որ նա օժտված չէ ղեկավարի հմտություններով‚ քաղաքական գործչին հատուկ որակներ՝ ոչ վերլուծելու‚ ոչ հեռուն նայելու ունակություն ունի‚ ոչ ստրատեգ է‚ և այդ ամենի պատճառով հայկական կողմը կորցրեց ոչ միայն Շուշին‚ այլև մոտ 20 օր ավելի պատերազմ մղեց‚ որը հանգեցրեց հսկայական տարածքների կորստի ու մեծաթիվ զոհերի։ Այս ամենից կարելի էր խուսափել‚ ինչը տեղի չունեցավ Փաշինյանի անկարողության պատճառով։ Այսպիսով՝ Պուտինը Փաշինյանի դավաճան չլինելու թեզը մատուցեց այնպիսի համատեքստում‚ որ կարելի է վերախմբագրել այսպես՝ դավաճան չէ‚ բայց մեղմ ասած՝ հիմար է։ Եվ այդ սխալ հաշվարկը կամ սխալ քայլերը հանգեցրին կործանարար հետևանքների։
ՌԴ ղեկավարը շատ նուրբ խաղ խաղաց՝ խփելով և՛ նալին‚ և՛ մեխին։ Այս մարտավարությունը սպասելի էր. բոլորն էլ համոզված են‚ որ Փաշինյանն այսօր ռուսներին խիստ անհրաժեշտ է‚ ու պատահական չէ‚ որ նույնիսկ ռուսական պրոֆեսիոնալ և ազդեցիկ լրատվական ռեսուրսներն այս օրերին հանդես են գալիս՝ «Փաշինյանը դեռ պետք է» վերնագրերով։ Այստեղ ամենակարևոր բառը «դեռ»-ն է։ Թե ինչու «դեռ»‚ հասկանալի է։ Ռուսաստանը‚ որը բավականին լուրջ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նպատակի հասավ. այնպես խաղարկեց պարտիան‚ որ խաղաղապահի պիտակի ներքո հնարավորություն ստացավ ռազմական բազա ունենալու Ադրբեջանի տարածքում‚ ինչը ՌԴ-ին չէր հաջողվում 1994 թվականից սկսած։ Ռուսաստանի համար շատ կարևոր է‚ որ այդ ամենը թղթի վրա չմնա ու շատ կոնկրետ ժամանակաշրջանում իրագործվի‚ և մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանը հանձնի տարածքները։ Դրանով է պայմանավորված‚ որ ամենաբարձր մակարդակով Փաշինյանին Ռուսաստանից փայփայում են‚ հաղորդագրություններ են ուղարկվում ընդդիմությանը‚ որպեսզի համբերեն‚ և հանկարծ ժամանակից շուտ Փաշինյանը չհեռանա‚ հանկարծ իրենց ծրագիրը չտապալվի‚ և դա հնարավորություն չտա թուրքերին ու ադրբեջանցիներին է՛լ ավելի խորանալու Արցախի տարածքներում։ Ռուսաստանը ՀՀ վարչապետին այս ընթացքում պաշտպանելու է նույնիսկ հայկական ռուսամետ ընդդիմությունից‚ թեև նույն Պուտինն ու այլ ուժեր դեմ չէին լինի‚ որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն‚ և օգտագործված ու սպառված Նիկոլ Փաշինյանին փոխարինեն ավելի վստահելի‚ ավելի կայուն ու կոմֆորտային ուժերով‚ ում հետ արդեն կսկսեն բանակցել Արցախի ապագա կարգավիճակի մասին։ Ինչպես հայտարարեց ՌԴ առաջնորդը‚ ստատուս քվոն պահպանվել է‚ և ստատուս քվոյի շուրջ բանակցությունները կվարեն ՀՀ ապագա ղեկավարները։
Կա‚ սակայն‚ մեկ ճշմարտություն‚ որ նույնիսկ Փաշինյանը չի կարող չհասկանալ. ինքնապաշտպանական բնազդը‚ ամենայն հավանականությամբ‚ նրան էլ է հուշում‚ որ իր վրա վերցրած գործառույթները կատարելուց հետո ֆունկցիոնալ առումով դուրս գրված ֆիգուր է դառնալու‚ և այլևս ոչ ոք նրան չի պաշտպանելու։ Փաշինյանը շատ լավ գիտի‚ որ պետք է ինքնակամ հրաժարական տա‚ որի նշանները նա ցույց չի տալիս‚ հակառակը՝ անընդհատ դիմադրում է‚ ճանապարհային քարտեզ է հրապարակել‚ որը ոչ մի բան իրենից չի ներկայացնում՝ ոչ մի կառուցողական քայլ‚ պարզապես դա ուղերձ է‚ որ պաշտոնից հեռանալ չի ցանկանում։ Նա փորձում է խաղալ հասարակության որոշ հատվածի հետ‚ այն հասարակության‚ որին իշխանությունն ու նրան մերձ շրջապատը թելադրում է այն թեզերով‚ որ եթե Նիկոլը չլիներ‚ ապա անթիվ զոհեր կունենայինք‚ այսինքն՝ Նիկոլը ներկայացվում է փրկչի կերպարով։ Բացի այդ‚ խաղարկվում է այն թեզը‚ որ եթե Նիկոլը հեռանա‚ կվերադառնան նախկինները‚ մանավանդ որ ընդդիմադիրների հանրահավաքների հարթակներում նախկինները նշմարվում են։ Հաշվի առնելով‚ որ Փաշինյանին պաշտպանող զանգվածը զոմբիացված հատվածն է կամ պողոսները‚ ում համար երկուքայլանոց կոմբինացիան մտավոր բարդագույն խնդիր է‚ ՀՀ վարչապետի նման հնարքներն ընդունվում են։ Նույնիսկ չեն խորշում թվում է թե վաղուց անցյալում մնացած հայաստանցի-ղարաբաղցի բաժանումից։ Ավելին‚ Փաշինյանն ամենավատ բանին էլ է դիմում. զինված մարդկանց հանում է իրար դեմ‚ հրահրում քաղաքացիական պատերազմ։ Բոլորը հասկանում են‚ որ ոչ ադեկվատ վիճակում Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է։ Ընդ որում‚ այս համատեքստում փոքր մի հանրահավաք կազմակերպեց։ Սա նախազգուշական ազդակ էր‚ որ կարող է է՛լ ավելի վատ բաներ անել։
Բավականին լուրջ քայլեր ունի անելու ընդդիմությունը։ ՈՒշագրավ է‚ որ հասարակական ընդվզումները ֆորմալիզացվեցին իշխանության թևերից մեկի՝ ՀՀ նախագահի պաշտոնական հայտարարության մեջ։ Նախագահը հարցը բարձրացրեց պետական մակարդակի‚ ճգնաժամից դուրս գալու համար առաջարկեց վարչապետի փոփոխություն‚ ժամանակավոր կառավարության կազմավորում և արտահերթ ընտրություններ։ Այլ հարց է‚ որ նախագահն էլ ունի իր շահերը‚ աշխարհաքաղաքական իր խաղերը։ Այս տեսակետից շատ հետաքրքիր էր‚ որ նախագահը հայտարարության նախորդ օրը մի քանի ժամով մեկնել էր Արաբական Էմիրություններ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, նա այնտեղ հանդիպել է Էմիրությունների բարձրաստիճան ղեկավարության հետ՝ քննարկելով տնտեսական‚ ներդրումային թեմաներ‚ սակայն հասկանալի է‚ որ ունեցել է նաև որոշակի հանդիպումներ այլ շրջանակների հետ՝ քննարկելով հայկական իրականությունը։
Ցավոք‚ հայտարարության և նրա բովանդակության վրա ազդելու հնարավորությունները փոքր են։ Ընդդիմությունն էլ առանձնապես չի ձգտում դրան՝ հաշվի առնելով‚ թե ինչ ռեսուրսային կոլապսի մեջ է գտնվում Հայաստանը։ Դժվար է պատկերացնել՝ քանի դեռ հայտնի փաստաթղթում ամրագրված բոլոր կետերը չեն կատարվել‚ որևէ ընդդիմադիր ուժ կուզենա Փաշինյանի հեռացումը։ Մինչ Փաշինյանի կողմից Ռուսաստանի առջև իր պարտավորությունների կատարումն ընթանալու են քաղաքական պրոցեսներ։ Եվ այն բաստիոնները‚ որ այժմ կառուցվում են‚ ամենայն հավանականությամբ մեծ դերակատարում կունենան իշխանափոխության իրական գործընթացի ժամանակ‚ գործընթաց‚ երբ Փաշինյանը չի ունենա արտաքին որևէ հենարան Ռուսաստանից‚ ԱՄՆ-ից‚ Եվրոպայից‚ ոչ էլ այս ամենի ստվերային մոդերատոր Մեծ Բրիտանիայից"։