24.11.2024
Պուտինը Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների հրամանագիր է ստորագրել
prev Նախորդ նորություն

Այս փաստաթղթով ԼՂ հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ. վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին՝ բացատրելով, թե ինչու ստորագրեց Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը և երկրում ստեղծված անդրադարձել ներքաղաքական իրավիճակին:


«Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարեւոր է, եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը», - նշել է Փաշինյանն իր ուղերձում:


Նրա խոսքով, շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, եւ դրանից շատ բան չէր փոխվի: «Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավական հեռու եւ պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին։ Նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը», - ասել է նա:


Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել


Այս քաղաքների անկումից հետո, ըստ Փաշինյանի, Արցախի պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ «մեր ավելի քան 20 հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ»: «Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի», - նկատել է նա:


Նրա խոսքով, ստեղծվել է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չէր կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Այդ ժամանակ, նշում է նա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի: «Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար», - նշել է նա:


Ընդ որում՝ այս իրավիճակում եւ պայմաններում հարցը, նրա խոսքով, արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ «Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ», - ասել է նա:


Ինչո՞ւ հրաժարական չտվեց Փաշինյանը


«Շատերը հիմա նաեւ այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի: Նաեւ այն պատճառով, որ, ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ ձեւով հնարավոր չէր լինի կանգնեցնել:


Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է, հետեւյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եւ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են:


Հասկանալի եւ բնականորեն առաջացող հաջորդ հարցը հետեւյալն է. իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին, եւ երկրորդը, ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։ Այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաեւ դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին եւ մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին», - նշել է նա:


Նրա խոսքով, զորքը կռվել է հերոսաբար: «Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ։ Բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական եւ զորահավաքային շարժումը, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսեւորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար:


Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում», - ասել է նա:


Ի՞նչ է լինելու Արցախի հետ


Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ՝ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում՝ նաեւ Շուշիի հատվածում, ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ՝ ամբողջ տարածությամբ, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի:


«Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այս հատվածի սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունները, իշխանությունները ամեն ինչ կանեն՝ հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:


Սկզբունքային կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», - ասել է նա:


Ներքաղաքական վիճակի մասին


Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստանում հետագա անելիքներին։ «Մեր առաջնային խնդիրը երկրում կայունության եւ անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձեւավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն:


Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքների եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար: Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ եւ ոչ թե բանակի զարգացման գործին», - նկատել է նա:


Նրա խոսքով, պարտությունից հետո էլ երկիրն ունի ապագա, եւ խոստանում է ամեն ինչ պետք է անել, որ շեշտը դնելու համար կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա, եւ սա «պետք է լինի մեր առաջիկա անելիքը»: «Եւ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:


Նրանք՝ զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք, մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով, տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին», - եզրափակել է նա: