6.04.2026
Սարգսյանը և Բորդյուժան քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Երևանը պատասխանում է պաշտոնական Բաքվին

"Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից", - այսպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ը Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը։

ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ "Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայանածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ", - ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը խստորեն դատապարտում է 1994թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ է և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումը, ըստ արտաքին գերատեսչության, ոչ թե հանգեցնում է զինադադարի համաձայնագրի գործողության դադարեցմանը, այլ բերում է համաձայնագիրը խախտող կողմի պատասխանատվությանը։

"Այս ամենը ցույց է տալիս, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունները շարունակելու միջազգային հանրության բոլոր կոչերին, Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին։

Ադրբեջանը փորձում է բանակցությունները ներկայացնել որպես միայն Բաքվին հետաքրքրող հարցերի քննարկման շուրջ մի ինչ-որ գործընթաց։ Ակնհայտ է, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։
ՀՀ միջազգային պահուստները ավելացել են 285.85 մլն դրամով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար