Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։
Այդ մասին ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը», - նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։
«Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում», - ասել է նա։
Հարցին՝ տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել:
«Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի», - նկատել է նա:
Փաշինյանի խոսքով, եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ «ես կարծում եմ, որ դա շատ հավանական է», քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ «Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը», - ասել է նա։