25.11.2024
Ազնավուրն Օլանդի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
prev Նախորդ նորություն

Հայ զինծառայողների դիակնրի խոշտանգամն փաստով Երևանը կդիմի ՄԻԵԴ և ՄԱԿ

Թեպետ ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ-ին վերադարձված 18 զինծառայողների դիերի վրա կան խոշտանգման հետքեր, այնուամենայնիվ անհրաժեշտ է սպասել իրականացվող փորձաքննության եզրակացությանը, որից հետո միայն կարելի է միանշանակ կարծիք հայտնել: Ամեն դեպքում հայկական կողմը չի պատրաստվում սահմանափակվել միայն փորձաքննությամբ: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի կողմից թույլ տված բոլոր հանցագործությունների մասով սկսելու է համապատասխան իրավական գործընթաց՝ դիմելով նաև համապատասխան միջազգային կառույցներին՝ սկսած ՄԱԿ-ից մինչև ՄԻԵԴ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 13-ին հայտարարեց Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

«Մեդիա կենտրոնում» Ալիկ Ավետիսյանի, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «18 հայ զինծառայողների մարմիները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քնարկում:

Ավետիսյանի խոսքով, անգամ նախնական տվյալներով կարելի է ասել, որ ակնառու է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ, քանի որ դիակների վրա կան խոշտանգման հետքեր և անարգանքի փաստեր: «Այժմ տեղի է ունենում փորձաքննություն, փաստերի հավաք և փաստաթղթավորում: Այս իրավիճակում կարևոր է պարզել, թե ինչ իրավական մեխանիզմներ կարելի է կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում: Բանն այն է, որ միջազգային մարդասիրական նորմերն այս առումով ի տարբերություն ազգային օրենսդրության ավելի ընդհանրացված են անդրադարձ կատարում նույն դիակների նկատմամբ անարգանքի հարցին», - ասաց Ավետիսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է եղել են դեպքեր, երբ զինծառայողը դեռևս մահացած չի եղել, և ենթարկվել է խոշտանգումների:

«Իհարկե, այս և նման այլ հարցեր կբացահայտվեն քննության արդյունքում, սակայն սա կարևոր ուղղություն է, որին պետք է ուշադրություն դարձնել», - արձանագրեց Ավետիսյանը:

Լարիսա Ալավերդյանը կարևորեց միջազգային իրավական և քաղաքական կառույցներում խոշտանգման և սպանված զինծառայողների մարմինների նկատմամբ անարգանքի վերաբերյալ փաստերի բարցրացման հարցում պետական և հասարակական սեկտորների համակարգված աշխատանքը: «Մեզ անհրաժեշտ է համակարգված, հստակ ու խորքային աշխատանք միջազգային կառույցների հետ գործակցության հարցում: Օրինակ, ՄԱԿ-ն ունի բազմաթիվ մեխանիզմներ՝ հանձնաժողովներ, կոմիտեներ, որոնք ունեն միաջմտելու ամենատարբեր ձևերը: Կան նաև ավելի պարզ տարբերակներ, որոնցից է հատուկ զեկույցների կազմումը, որտեղ անդրադարձ կկատարվի այդ հանցագործություններին, կարձանագրվեն փաստեր: Հնարավոր է նաև պարտադրեն Բաքվին կատարել այս կամ այն գործողությունները, այդ թվում կանխարգելիչ», - պարզաբանեց նա:

Ըստ Էլինար Վարդանյանի՝ այժմ անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական և համակարգման աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստ հայկական կողմը տարբեր ուղղություններով պատրաստ լինի նաև ադրբեջանական կողմի հակաքայլերին: Վարդանյանի կարծիքով այս պահին անհրաժեշտ է ջանքեր չխնայել և բացահայտել, արդյոք խոշտանգումները եղել են նաև գերի ընկած զինծառայողների նկատմամբ, որը հանգեցրել է նրանց մահվան: «Եթե գերի ընկած հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների փաստերը հաստատվեն, ապա կատարվածին այլ իրավական գնահատական պետք է տրվի: Այժմ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա և բայցահայտել այն: Եթե հաստատվի այս փաստը, ապա պետք է դիմել այլ միջազգային նորմերի կիրառմանը», - ասաց նա։

Այժմ, կարծում է Էդմոն Մարուքյանը, անհրաժեշտ է ուսումնասիրել խնդիրը և փաստեր հավաքել, որից հետո հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ և ՄԻԵԴ: «ՄԱԿ կարող է դիմել միայն պետությունը, իսկ ՄԻԵԴ կարող են դիմել անհատ քաղաքացիները, որոնց հայցադիմումները կազմելու հարցում կարող են օգնել իրավաբանները», - ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է դիմել նաև Հաագայի միջազգային դատարան, չնայած այն հանգամանքին, որ Երևանն ու Բաքուն չեն վավերացրել Հռոմի ստատուտը: Այս հարցում աշխատելու է միջնորդավորված դիմումի տարբերակը: «Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ խնդրանքով, որպեսզի այդ կառույցը դիմի Հաագայի դատարան», - ասաց նա, սակայն քիչ հավանական համարելով այս սցենարի հեռանակարային լինելը: Նա չի կարծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիմի Հաագայի միջազգային դատարան: «Հնարավոր է պատճառաբանեն, որ հանցագործությունների մասշտաբները այդքան մեծ չեն եղել Հաագայի դատարան դիմելու համար», - ասաց Էդմոն Մարուքյանը: