Մինսկի խմբի համանախագահներн անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ անթույլատրելի համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները եւ կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:
«Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները նշում են, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում:
«Համանախագահները կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:
Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ: