27.11.2024
Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը, որպեսզի մեկնի Արցախ
prev Նախորդ նորություն

Հայաստանի 13 կուսակցություններ կոչ են անում ՀՀ և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

Հայաստանի 13 կուսակցություններ կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել:


Քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.


2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բացայատ աջակցությամբ և խրախուսմամբ սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։


Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին,


Նկատի ունենալով՝


– Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը,


– բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը,


– բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը,


– մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը.


Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։


«Ազատություն» կուսակցություն


«Ազգային օրակարգ» կուսակցություն


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն


«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»


«Երկիր Ծիրանի» կուսակցություն


«Ժառանգություն» կուսակցություն


«Լուսավոր Հայաստան կուսակցություն»


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»


«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»


«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»


«Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն»


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն


«Մեկ Հայաստան» կուսակցություն