Ադրբեջանի հատուկ ծառայությունը կոտրել է Արցախի քաղաքացիների սոցցանցերի օգտահաշիվներ. ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն:
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից»,- ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: