Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգվածով բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև՝ էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման նկատմամբ հետաքրքրությունը, ներկայումս անհրաժեշտություն է ԱԱՀ-ից ազատել նաև մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների) ներմուծումը և օտարումը:
Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)։ Սույն փոփոխությունից հետո՝ 2018 թվականի համեմատ, 2020 թվականի միայն առաջին կեսում բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ․ 2018 թ․ – 12 տ/մ; 2019 թ. (երկրորդ կես) – 668 տ/մ; 2020 թ. (առաջին կես) – 1863 տ/մ:
Նշվում է, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Աղբյուրը նշում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը։