22.11.2024
Ի՞նչ օդանավերով են օգնությունը տեղափոխելու Բեյրութ. Հակոբ Ճաղարյանը խնդիր է մատնանշում
prev Նախորդ նորություն

Հայրենիքի դռները բաց են սփյուռքի առջև. հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Արամ Ա-ին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ:


ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ պատարագին մասնակցել են Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:


Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ:


Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները:


Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը:


Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև: