Հայաստանը հատուկ չվերթով Լիբանան դեղորայք, բժշկական սարքավորումներ և սնունդ կհասցնի
ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:
«Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:
ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:
Հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին եւ նրա եղբայրական ժողովրդին»,- գրել է վարչապետի խոսնակը Facebook-ի իր էջում: