Տավուշում Թումո շարժական կենտրոն կկառուցվի
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող 0.03724 հա հողամասը հետ վերցնել Բերդի ավագ դպրոցից անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին: Վերջինս այն կօգտագործի «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրը հանդիսանում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մաս:
Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է անցած տարի:
«Այս նախագծի շրջանակում շարժական կենտրոնների միջոցով Թումոն իրականացրել է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Բացի այդ, մեր նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար, դրանք հագեցված են լինելու անհրաժեշտ տեխնիկայով: Սա առաջինն է նման նախագծի մեջ, բայց Թումոն նախատեսում է տարբեր մարզերում այն իրականացնել։ Շարժական են, և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ», -ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը հատկապես սահմանամերձ բնակավայրերի զարգացման համատեքստում:
«Մենք քննարկում ենք ընդհանրապես սահմանապահ համայնքների և սահմանամերձ բնակավայրերի զարգացման մեր ռազմավարությունները: Մի բան ակնհայտ է՝ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում կա և պետք է լինի մի պարտադիր բաղադրիչ՝ կրթականը: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, որտեղ չկա կրթական բաղադրիչ՝ մենք չենք կարող հաջողել: Իհարկե, Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ընթացքի մեջ են գտնվում Կողբի Թումոյի կենտրոնի կառուցման աշխատանքները: