25.11.2024
Ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը:


Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։


«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, ինքը տեղյակ է, որ մեր շատ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ: «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։


«Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։


Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։


«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասել է Արսեն Թորոսյանը։


Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը:


Եզրափակելով ճեպարզրոյցը՝ վարչապետը նշել է, որ ներկայիս իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հույսը, հնարավորությունը չօգտագործենք: «Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:


Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:


Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով: Իսկ եթե չպահպանենք, ցավոք սրտի, այս բրիֆինգների շարքը կշարունակվի:


Եկեք այնպես անենք, որ այս բրիֆինգների շարքը չշարունակվի և մեր բրիֆինգները լինեն բոլորովին ուրիշ հարցերի՝ մեր տնտեսական և այլ խնդիրների լուծման վերաբերյալ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: