Ֆայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները տագնապ են առաջացնում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում Է Sputnik-Արմենիան:
Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները տագնապ են առաջացնում, առավել ևս, որ բախումները եղել են ոչ թե բուն Ղարաբաղում, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: "Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, եւ ես հույս ունեմ, որ դա կհաջողվի", - ասել է Լե Դրիանը ։
Նա նշել է, որ Փարիզը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը նաև հիշեցրել է, որ երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում է, որն էլ զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանում, խոշոր զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Հայկական ռազմական գերատեսչության վարկածով, ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել պետական սահմանը ՈՒԱԶ ավտոմեքենայով:
Հայկական կողմից զգուշացումից հետո ադրբեջանցի զինվորականները, մեքենան թողնելով, վերադարձել են իրենց դիրքեր, որից հետո հակառակորդը հրետանային կրակ է բացել՝ փորձելով գրավել հայկական հենակետը: Սակայն պատասխան կրակով ադրբեջանցի զինծառայողները հետ են շպրտվել իրենց դիրքերը ՝ կրելով կենդանի ուժի կորուստներ։
Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է իր կողմից 12 զինվորականների մահը։ Երկու կողմերն էլ հայտարարում են հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի մեջ լուրջ վնաս հասցնելու, կրակակետերը և հրամանատարական կետերը ոչնչացնելու մասին: Հայկական ԶԼՄ-ները պնդում են, որ զինված ուժերը նոր մարտական դիրքեր են գրավել Ադրբեջանի հետ սահմանին: