Թուրքական անօդաչուները հարվածել են Հայաստանի՞ն. ՊՆ-ից մեկնաբանում են
Avia pro կայքը մի հոդված է հրապարակել, որում նշվում է, թե, իբր, թուրքական Bayraktar TB2 անօդաչուները հարվածներ են հասցրել Հայաստանին:
Նշվում է, թե համաձայն ռուսաստանյան աղբյուրների, թուրքական անօդաչուների հարվածներից հետո, ընդ որում ժամկետները չեն հստակցեվում, ՀՀ ռազմական ղեկավարությունը այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացրել՝ հատկապես Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքը օկուպացնելու սպառնալիքների ֆոնին:
VERELQ-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հուլիսյան գործողությունների ընթացքում հակառակորդի կիրառած, օգտագործած, պայթած միջոցների մնացորդներն այժմ ուսումնասիրվում են: Այլ կերպ ասած, ժամանակավրեպ է խոսել այն մասին, դրանց մեջ թուրքական կա, թե ոչ.
«Դեռ վաղ է. կվերլուծվեն ուսումնասիրությունների արդյունքները, պարզ կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հատվածին, թե ՊՆ-ում հատուկ քննարկում է ծավալվել և անգամ լուսանկար է հրապարակվել այդ քննարկումից, խոսնակը նշեց, որ հայ-ռուսական համատեղ խորհրդակցության մասին կառույցը հանդես է եկել հաղորդագրությամբ: Հիշեցնենք, այդ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքները, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդները։