Կանոնավոր ավիափոխադրման գործընթացը չի վերսկսվել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։
«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։
Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։
Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։
Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»,- ասված է հայտարարության մեջ։