Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 14-ին Իջևանւմ կայացած ասուլիսին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ իրավիճակը ժամը 18։00-ից սկսած հանգիստ է: Շատ քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա, ասել է նա:
Նրա խոսքով՝ հուլիսի 14-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում, ադրբեջանական ԶՈւ-երի կողմից թիրախավորվել են հայկական խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը, այնտեղ 2 գործարան է թիրախավորվել։
«Տավուշում, տանկից բացի, օգտագործվել է նաև հաուբից, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-ն հստակ տիրապետում է հակառակորդի զորքի բոլոր տեսակի տեղաշարժերին, երթերին, տեղափոխություններին։
Հովհաննիսյնաի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, համայնքներում սակայն տներ, գազատարներ են վնասվել։ Նա նշել է նաև, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում չի եղել ու վստահություն հայտնել, որ չի էլ լինի։
Հովհաննիսյանը նշել է, որ այս ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հայկական կողմը հուլիսի 15-ին կփորձի ինֆոտուրեր կազմակերպել՝ ցույց տալու բախումների հետանքները։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն իր տարածքի բնակելի տների մերձակայքում զրահատեխնիկա է տեղավորում, դրանով թիրախավորելով իրենց խաղաղ բնակչությանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հուլիսի 12-ից սկսած հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի 5-ից 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Hermes 900 մոդելի։