Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:
Ավելի վաղ ՎՈՒԱՄ-ը հայկական զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«ՎՈՒԱՄ քարտուղարությունը դատապարտում է հայկական զինված ուժերի հարձակումները հայ-ադրբեջանական սահմանային Թովուզի շրջանի ուղղությամբ: Քարտուղարությունը վերահաստատում է իր մտահոգությունն առ այն, որ հակամարտությունները խոչընդոտում են ՎՈՒԱՄ տարածաշրջանի բարօրությանը, կայունությանն ու բարգավաճմանը»։
Հիշեցնենք՝ Ժողովրդավարության և տնտեսական զարգացման քառակողմ այս կառույցը, որը ներառում է Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, ստեղծվել է 2006 թվականի մայիսի 23֊ին Կիևի գագաթնաժողովում, որտեղ երկրները ստորագրել են կազմակերպության հռչակագիրը։
Հայտարարությունը տարածվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջով, մինչդեռ կազմակերպության կայքում այդ մասին տեղեկություն չկա։
Ի դեպ, միևնույն կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության` Հայաստանին դատապարտող և Ուկրաինայի արտգործնախարության՝ սահմանային լարվածությամբ մտահոգ լինելու մասին հայտարարությունները: