23.11.2024
ՄԻԵԴ-ը չի կասեցնի սահմանադրական փոփոխությունները, բայց կքննի ՍԴ նախկին դատավորների հայցը
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի որոշումը. գործը նորից քննվելու է

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։


«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։


Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։


Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։


Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։


Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»,- գրել է Սարգսյանը։


Ավելի վաղ, հունիսի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրցած միջնորդությունը մերժվեց: Ծառուկյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամարտահայտությանը բռնանալու մեջ:


Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: