ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման հարցը
ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը: Այս մասին հայնում է ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման վերաբերյալ վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների հարցը։
Նիստի դռնբաց հատվածում զեկուցողի կողմից ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները:
Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ «Թիմ» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % փայաբաժինը՝ խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, ինչի հիման վրա սահմանված կարգով վարույթ է հարուցվել։
«Վեոն Արմենիա»-ն իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք։ Ընկերությունների կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ համակենտրոնացումը դրական ազդեղություն կունենա հեռահաղորդակցության ոլորտի վրա՝ նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև գների իջեցման միջոցով:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը ՀՀ հեռահաղորդակցական ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, ուսումնասիրվել են վերջին 5 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները և համակենտրոնացման գործարքները, գնահատվել է շուկայի կենտրոնացվածության աստիճանը, շուկայի հիմնական խաղացողների տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները, մասնաբաժինները, առաջարկվող ծառայությունների փոխադարձ փոխարինելիության հնարավորությունները, ուսումնասիրվել են խնդրո առարկա ապրանքային շուկաները և այլն։
Համակենտրոնացման մասնակիցների խնդրանքով նիստի հիմնական հատվածն անցկացվել է գաղտնի ռեժիմով՝ հաշվի առնելով, որ քննարկումների ընթացքում ներկայացվելու է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։
Հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու: