Միասին պայքարենք. ՀԱՍԱԿ-ը Երևանում, Մասիսում ու Արտաշատում 500 ալկոգել բաժանեց
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ակտիվիստները հուլիսի 3-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Երևանի, ինչպես նաև Մասիսի և Արտաշատի փողոցներում սոցիալական ակցիա իրականացրեցին՝ տարեցներին անվճար տրամադրելով ավելի քան 500 ալկոգել:
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, ալկոգելը հենց այն է, ինչ այսօր այդքան անհրաժեշտ է մեր քաղաքացիներին առողջության պահպանման հարցում: Սակայն ոչ բոլոր մեր քաղաքացիները, հատկապես տարեցները, որոնք ռիսկային խմբում են, կարող են իրենց թույլ տալ գնել այն:
«Սա մեր կուսակցության փոքրիկ ներդրումն է կորոնավիրուսի դեմ պայքարում: Շատ կարևոր է, որ այսօր, երբ երկրում համաճարակային բարդ իրավիճակ է, երբ առողջապահության համակարգը այդքան էլ լավ չի կարողանում հաղթահարել առկա խնդիրները, մարդիկ պատասխանատու վարք դրսևորեն և հասկանան, որ իրենց գործողություններից կախված է ոչ միայն իրենց, այլև այլոց առողջությունն ու կյանքը»,- նշեց նա:
Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ նման սոցիալական ակցիաները ՀԱՍԱԿ-ի համար պարբերական բնույթ են կրում: