Հեղափոխությունը բռնել է պարտության ճանապարհը, նախարարը պետք է հրաժարական տա. Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մեղադրում է իշխանություններին բարեփոխումներ իրականացնելու հարցում դանդաղելու համար:
Իր ելույթում Բաբաջանյանը նշեց, որ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, ամենևին պատահական չէ և առանձին կատարվող, իրար հետ կապ չունեցող միջադեպերն իրականում կապված են պատճառահետևանքային կապով, որի նպատակն է ամեն գնով նսեմացնել Ազգային ժողովի կշիռը:
«Այն, որ այսօր հնարավոր են նման իրավիճակներ ու քաղաքական գործընթացներ, մեծապես պայմանավորված է մեծամասնությամբ և իշխանության անցյալի հետ անպտուղ բանավեճի մտնելու պատճառով: Խոսքը վարչապետի և արդարադատության նախարարի հանդիպմանն է առնչվում. ո՞վ կմտածեր, որ հեղափոխությունից երկու տարի անց, կարող է առհասարակ նման բան լինել՝ դատական համակարգի առողջացման փոխարեն այսպիսի շրջադարձ: Նախարարը երեկ վարչապետի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց ապացուցելու, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, որոնք կստիպեն դատավորներին նախկիններից տարբեր գործելաոճ որդեգրել: Ռուստամ Բադասյանը երեկ ռեկորդ սահմանեց՝ հեղափոխության առաջնորդին համոզելով, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ ամենի պահպանությունը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը»,-հայտարարեց պատգամավորը:
Բաբաջանյանը նաև գտնում է, որ Ռուստամ Բադասյանը պետք է առնվազն հրաժարական տա, քանի որ ակնհայտ դարձավ, որ հեղափոխությունը բռնել է պարտության ճանապարհը: