Համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի՝ Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում:
Փաստաթղթում, որը հրապարակվել է մայիսի 6-ին, վերլուծության են ենթարկվել 29 պետություն, 10-ը համարվել են ժողովրդավար, 1-ը՝ հիբրիդային և 9-ը՝ ավտորիտար: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Հայաստանում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։
«Լուրջ առաջընթաց նախևառաջ կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրությունների ոլորտներում». - այսպես են գնահատում արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները Հայաստանի իշխանությունների հետհեղափոխական ձեռքբերումները, գրում է Ազատությունը:
«Այս տարի Հայաստանը զեկույցի հրապարակման պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել», - նշում են Freedom House-ի փորձագետները` հավելելով, սակայն, որ երկրում մտահոգության տեղիք տվող հիմնախնդիրներ ևս առկա են: Խոսքը, ըստ զեկույցի հեղինակների, դատական ոլորտի շուրջ ծավալվող զարգացումների մասին է:
Զեկույցի հեղինակների համոզմամբ, ի դեպ, այսօր հետխորհրդային տարածքում երկու պետություն գոյություն ունի, որտեղ անցումը կառավարման ժողովրդավարական համակարգին գրեթե նույնատիպ խնդիրների է բախվում` Հայաստանը և Ուկրաինան:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կբախվեն վստահության ամրապնդման, իրենց հետ կապվող հույսերը արդարացնելու, [կառավարման] կոռումպացված համակարգերն առանց ժողովրդավարական նորմերի ոտնահարման վերակառուցելու դժվարին մարտահրավերներին», - նշում են ամերիկացի փորձագետները:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև ծառացած առավել տեղային բնույթի խնդիրներին` Freedom House-ի մասնագետներ հատուկ կանգ են առնում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալված վեճի վրա: Ամուլսարի ճակատագիրը, ըստ զեկույցի հեղինակների, «Հայաստանի վարչապետի համար գլխացավանք է դարձել»:
«Փաշինյանը այս խնդիրը ժառանգել է նախորդ կոռումպացված վարչակազմից: Ակտիվիստներն ամիսներ շարունակ արգելափակված են պահում հանքավայր տանող ճանապարհները:Նրանց խոսքով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս ծրագրի իրագործմանը, ապա կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, որոնց ինքը հեռացրել է իշխանությունից», - ասված է զեկույցում: