Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն
Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։
Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։
Ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը
հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճեն բերված է հաջորդիվ)։
Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների
խորհուրդը։
Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից:
ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք։
Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը:
Կենսագրություն
Կրթությունը
Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Մեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի «Բիզնես դպրոցում» և ԱՄՆ Նյու
Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA):
Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։
Աշխատանքը
Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։