Ռուսաստանի տրամադրած շարժական լաբորատորիան ապրիլի 9-ից աշխատում է ողջ ծավալով ու սպասարկում բանակին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ հավելելով, որ այժմ ստեղծված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ:
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ հայ մասնագետներն ունեին բազային պատրաստվածություն, նրանք կարճ ժամանակում ձեռք են բերել նոր կորոնավիրուս Covid-19-ի հետ աշխատելու հմտություններ: «Օրինակ՝ երեկ հայ մասնագետները ինքնուրույն են իրականացրել այդ աշխատանքները»,- ասաց նա:
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ շարժական լաբորատորիաներում 165 զինծառայողից փորձանմուշ է վերցվել, նրանց մեծ մասի դեպքում արդյունքը բացասական է։ Օհանյանը հայտնել է նաև, որ մոտ 600 փարձանմուշ ավելի վաղ ուղարկվել է հայ-ամերիկայն լաբորատորիա։
«Հայ մասնագետների հետ համատեղ Ամերիկյան լաբորատորիայում թեստերը հետազոտվել են ի սկզբանե: Սկզբնական ժամանակահատվածում նմուշները ուղարկվել են Ամերիկյան լաբորատորիա: Այնտեղ մոտ 600 նմուշ է հետազոտվել: Այս պահին էլ նաեւ այս լաբորատորիայի հետ աշխատում ենք զուգահեռաբար», - ասաց նա:
Նրա խոսքով, թե ռուսական, թե ամերկյան ռեսուրսների միջոցով զինծառայողների վարակվածության ստուգումն անհրաժեշտ է, քանի որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ առողջապահական համակարգը բավական ծանրաբեռնված է մեր:
«Այսօր հայկական զինված ուժերում իրականացվում են տասնյակ միջոցառումներ, որոնց համատեղմամբ միայն կարելի է ստանալ լավ արդյունքներ: Դրա շնորհիվ է, որ զինված ուժերում դեպքերի քանակը չնչին է: Դա նաեւ զորանոցային օղակի, հոսպիտալի աշխատակիցների շնորհիվ է»,- ասաց նա:
Նա նաև հրաժարվեց հրապարակել բուժվող կամ մեկուսացված զինծառայողների քանակը եւ թե նրանց մեկուսացման վայրը: «Եվ բուժվողների, եւ մեկուսացվածների համար ստեղծված են գերազանց պայմաններ: Ամենօրյա տեղեկատվությամբ դուք կիմանաք, որ մեր զինծառայողները ավարտելու են բուժումն ու դուրս են գալու՝ շարունակելու իրենց ծառայությունը», - եզրափակեց նա:
Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։