Բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման գործիքակազմի կիրառման միջոցով այս պահին 315 արձանագրված հիվանդից բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ։ Այս մասն այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրության հայտարարմանը։
Հայաստանում այսօր՝ ապրիլի 13-ին կառավարության արտահերթ նիստում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ավինյանի խոսքով, անհնար է վարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ՝ 1 տարի անց։ «Պետությունների ձեռնարկած միջոցառումները մեծ մասամբ միտված են անորոշությունները կառավարելուն. հասարակությունները կանգնած են կարեւոր երկընտրանքի առջեւ՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագությունը՝ միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձեւավորելով դիմադրողականություն՝ հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին», - ասաց նա։
ՀՀ-ում վարակի տեսանկյունից մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ՝ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից, ասաց պարետը՝ ներկայացնելով հետևյալ վիճակագրությունը. «Խրոնիկ հիվանդությունների մասով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77,418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը՝ 71,025, հիպերտենզիա ունի 145,408 քաղաքացի»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ սրանք միայն գրանցված, հայտնի թվերն են։ Նա շեշտեց նաեւ, որ ամենառիսկային գոտում են գտնվում այն անձինք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն եւ գտնվում են բարձր տարիքային խմբում։
«15-75 տարեկան աշխատանքային ռեսուրսների մեջ զբաղված բնակչության ավելի քան 50 տոկոսը առեւտրի եւ ծառայության ոլորտում է, զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են մոտ 137 հազար մարդ»,- ասաց Ավինյանը։
Ավինյանը, ներկայացնելով վիճակագրությունը, հայտարարեց, որ եթե ոչ մի միջոցառում չիրականացվեր, այս պահին ՀՀ-ում կունենայինք մոտ 30 հազար վարակված անձ եւ 100-ավոր մահեր։
«Խիստ սահմանափակումների արդյունքում մենք ունեցել ենք մի պատկեր, որը մեզ ապացուցել է՝ դրանք էֆեկտիվ են, եւ դրանից հետո մարդկանց շարժն օրվա պիկ ժամերին ընկել է մոտ 40 տոկոսով։ Մեր հիմնական եզրակացություններն են եղել, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ի շրջանում կազմել է 1,2-1,3, մարտի 31-ից հետո՝ 0,8-0,9»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման գործիքակազմի կիրառմանը, Ավինյանը նշեց՝ այս պահին 315 արձանագրված հիվանդից բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ։ «Այդ անձանց հետ կապ է հաստատվել, եւ նրանք չեն գտնվել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ նրանք 3029 հավելյալ անձ են, որոնք պոտենցիալ վարակակիր կարող են լինել»,- ասաց Ավինյանը։
Նա նաեւ շաշտեց, որ մեծ թափով ստացվել են հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունները․ այս պահին կա հավելվածի մոտավորապես 60 հազար ներբեռնում։ «4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, ավելի խոր վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- հայտարարեց փոխվարչապետը։