Մարզահամերգային համալիրի նախասրահը վերածվել է «մեծ հիվանդասենյակի». հաստատում
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի նախասրահում իսկապես տեղադրվել են բազմաթիվ մահճակալներ, որտեղ հարկ եղած դեպքում կարող են ընդունվել կորոնավիրուսով վարակված մարդիկ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց պարետատան մամուլի հարցերի պատասխանատու Մանե Գևորգյանը:
Նրա խոսքով՝ պարետատունը կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պաքարի շրջանակում տարբեր սցենարներ է քննարկում, և ըստ այդմ՝ Մարզահամերգային համալիրում, և ոչ միայն այնտեղ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում: «Նպատակն է, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ լինեն ընդունելու մեր համաքաղաքացիներին»,- ասաց նա՝ նկատելով, որ հնարավոր է՝ դրա կարիքը չլինի:
Տարածվող լուսանկարներում Մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված են բազմաթիվ մահճակալներ և տարածքը վերածվել է «մեծ հիվանդասենյակի»:
Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով՝ իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:
Կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: Երեք մահ է գրանցվել: