24.11.2024
Քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական եւ տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի եւ հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:


Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաեւ գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաեւ այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:


Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություն է եւ Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:


Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։


Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, եւ հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի եւ ժամերի համար) հեռախոսահամարներով։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը։