«Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նախորդ ժամանակաշրջանում ծրագրերի թերակատարմանը:
Ըստ քաղաքապետի՝ ՀՀ-ն ու Երևանը վերջին մեկ ու կես տարում ապրում են նոր իրողությունում: «Այդ իրողությունը հետևյալն է, որ այլևս չկան մշտական շահող ընկերություններ, որ մշտական իրենք էին անում՝ էս մի գործը էս մարդն է անում, էս գործն՝ էս մարդը: Ով ուզում ա կողքից մտնի տենդեր, կամ ծեծում էին, կամ վախեցնում, կամ մի բան անում էին, սիրուն խելոք գնում էր: Այլևս դա չկա: Ի՞նչ է կատարվել անցած տարի քաղաքապետարանում՝ եկել է նոր իշխանություն և ասել է, որ այսուհետ մրցույթները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ, բոլորի համար: Ի՞նչ է դրա համար պետք անել՝ տեխնիկական բնութագիր գրել:
Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ գրեթե բոլոր վարչություններում չկային մարդիկ, ովքեր կարող էին տեխնիկական բնութագրեր գրել: Ինչո՞ւ, պատասխանը բնական է, որովհետև դրա կարիքը չի եղել, ի՞նչ մրցույթի ու տեխնիկական բնութագրի մասին է խոսքը, էս մարդն է կրելու, մշտական ունի 10 տարվա: Անցած տարի մենք վերջ տվեցինք էդ ամենի ինչին: Հերիք չի մշտական ունեին, նաև իրենց ոչ ոք չէր ստուգում: Իրենք խելոք այդ ատկատ կոչվածը տանում տալիս էին և դրա համար գերշահույթ ունեն՝ անգամ ցածր գին առաջարկելով: Եվ մենք տեսնում ենք այդ որակ չստուգելու արդյունքներն ամեն տեղ»,- ասաց Հայկ Մարությանը, հայտնում է Լրագիրը:
Հսկայական թերակատարումներ
Բյուջեի թերակատարման խնդիրը Երևանի ավագանու նիստում բարձրաձայնել էր «Լույս» խմակցությունից Դավիթ Խաժակյանը՝ նելով, որ բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով:
«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա, գրում է Թերթը։
Խաժակյանը տեղեկացրեց, որ ոռոգման ցանցի բարելավման մասով ավագանին նախատեսել էր 154 մլն դրամ, կատարվել է ընդամենը 50 մլն դրամը. «Այսինքն՝ մենք ունենք 30 տոկոս կատարողական: Մեր քաղաքային իշխանություններն անընդհատ խոսքի մակարդակում ասում են, որ պետք է քաղաքն ապահովենք թեքահարթակներով, և 2019-ին Երևանի ավագանին թեքահարթակների համար նախատեսել էր 100 մլն դրամ, որից կատարվել է ընդամենը 27 մլն-ը: Այս մասով մենք ունենք 27 տոկոսի կատարում: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու»,- նշեց նա և հավելեց.
Տեղի ունեցավ այլ երևույթ, շուկան բացվեց
Ըստ քաղաքապետի նոր փոփոխություններով տեղի ունեցավ այլ երևույթ, շուկան բացվեց, շատ ընկերություններ եկան, որոնք տեղյակ չէին շուկայից: Նրանք սկսեցին անհիմն ցածր գներ տալ, մրցույթները շահեցին, բայց հետագայում չկարողացան տակից դուրս գալ: «Այո, մենք տվեցինք տույժ-տուգանքը, սև ցուցակը, բայց ի վերջո ունեցանք չկատարված աշխատանք: Բայց այդպես են տեղի ունենում փոփոխությունները: Առակներից մեկն ասում է՝ Աստված ոչ անի ապրել փոփոխությունների ժամանակ: Եվ, այո, մենք ապրում ենք բարդ ու դժվար ժամանակներ: Եվ մենք անելու ենք այդ փոփոխությունները, ոչ թե վախենալու ենք, որ մի քիչ տոկոսը ցածր կամ բարձր լինի, մենք անելու ենք համակարգային փոփոխություն: Մենք գնալու ենք 100 տոկոսանոց թափանցիկությանը, 100 տոկոսանոց ազնվությանը, որ յուրաքնաչյուր մարդ կարողանա գա ու մասնակցի մրցույթին»,- հավելեց նա:
Ըստ քաղաքագետի՝ որոշ ծրագրերի թերակատարումը հենց նրանով է պայմանավորված, որ քաղաքապետարանը չի ընդունել անորակ աշխատանքները: Ըստ նրա՝ գումարը ծախսվելու է միայն նորմալ 100 տոկոսանոց որակյալ աշխատանքներն ընդունելուց հետո:
«Քանի ես քաղաքապետ եմ, ես գարանտ եմ այստեղ, որ այդ համակարգային փոփոխություններն արվելու են, երաշխավորն եմ նրա, որ սա արվելու է 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու: Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում: ՀՀ ժողովուրդը վստահել է մեզ՝ նոր իշխանություններին, և եթե մեկն իր մտքով կարող է անցկացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու ժողովրդի, իմ կողմից: Ամեն ինչ լինելու է ազնիվ, որովհետև ժողովուրդը դա է մեզնից սպասում, և արդյունք է լինելու»,- հավելեց Հայկ Մարությանը: