ՀԿԵ-ում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ
Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:
Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով:
Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:
- Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ, - ընդգծեց ղեկավարը: