Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը եւ Արսեն Լալայանցը կատարել են չարաշահել են պաշտոնեական լիազորությունները: «Այսինքն՝ նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետեւանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող եւ պետական սեփականություն հանդիսացող, 2.9 մլրդ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10,000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով՝ 164 մլն դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, եւ հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից», - ասված է հաղորդագրության մեջ:
Սակայն նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված ժամկետները՝ նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին. «Երվանդ Զախարյանն ու Արսեն Լալայանցը հայտնել են, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ: Ուստի ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել նշված հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:
«Որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու եւ գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու համար «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման նպատակով հողահատկացման իրավաչափությունը եւ մյուս հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբեր ամսին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Զախարյանին եւ Լալայանցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Պարզվել էր, որ «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմող 10,000 քմ հողատարածքը Երեւանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ՝ հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով անհիմն եւ ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից:
Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով՝ 164 մլն դրամով (այսինքն՝ 1 քմ-ն ընդամենը 16 հազար դրամով), ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:
2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առեւտրային բանկերից մեկից ստացել է 2,8 մլն դոլար վարկ: Հետագայում ընկերության եւ բանկի միջեւ կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչեւ 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռքբերման արժեքը: