23.11.2024
Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա. ԱԱԾ-ն թվայնացնում է իր արխիվը
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:


Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: Ըստ փոխվարչապետի՝ Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև Կառավարությունն է ճշգրտում իր գործունեությունն ու հետագա անելիքները:


Ներկայացնելով երկրում բարեփոխումների օրակարգը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է առկա տնտեսական աճի միտումների կարևորությունը և Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման մեծ ներուժը, որի իրացման ուղղությամբ ևս նախանշվել են բարեփոխումներ:


Մուդիզի փորձագետների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների հիմնական շեշտադրումները: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որն ունի հաստատված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և բարձր մակարդակի հարաբերություններ ԵՄ-ի հետ, կարող է հանդիսանալ կամուրջ երկու միությունների միջև:


Որպես առաջիկա տարիներին Կառավարության համար առաջնային ոլորտ փոխվարչապետն ընդգծել է կրթությունն ու գիտությունը և որպես ռազմավարական հարց ներկայացրել մտքերի ու գաղափարների արտագաղթի վերացումը:


Տնտեսության զարգացման համար, որպես առաջնային խնդիր, Մհեր Գրիգորյանը նշել է նաև կապիտալի շուկայի լիարժեք ձևավորումը, որն, ըստ փոխվարչապետի, ֆինանսական և տնտեսական հատվածների արդիականացման թիվ մեկ ռազմավարական անհրաժեշտությունն է:


Մուդիզի փորձագետները շնորհակալություն են հայտնել երկրում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և փոխվարչապետի հետ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: