ԱԱԾ-ն մաքրելու ենք դավաճաններից. Էդուարդ Մարտիրոսյան
Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր՝ մարտի 3-ին, հայտարարեց, որ մաքրելու են ծառայությունը դավաճաններից ու ոչ հայրենասերներից:
Մարտիրոսյանն այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ փետրվարի 26-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրավապահ համակարգում նախկինում բառի բուն իմաստով դավաճաններ են եղել, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին՝ առաջնորդվելով այլ հաշվարկներով և հանձնարարություններով:
Գևորգ Գորգիսյանը նշեց՝ ցանկանում է իմանալ, թե ինչ է արել այս ուղղությամբ ԱԱԾ-ն:
Ի պատասխան Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարեց, որ դա ընթացիկ գործընթաց է. «Դա ընթացիկ գործընթաց է, որը պաբերաբար ԱԱծ-ում արվում է: Մենք ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»:
ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերում է կոնկրետ կոռուպցիայի դեմ խքչընդոտներ ստեղծելուն: Նա ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք կոնկրետ գործեր կան:
«Մենք դրա մասին կտեղեկացնենք, երբ ունենանք տվյալներ»,-ասաց Մարտիրոսյանը: