«Գրանդ Մանեժ» շապիտո կրկես հյուրընկալվել էին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ սաները
Հայաստանում առաջին անգամ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը փետրվարի 29-ին և մարտի 1-ին իր հյուրընկալ դռներն էր բացել հայ հանդիսատեսի առաջ` ներկայացնելով անզուգական և բազմաոճ կրկեսային ծրագրային համարներ: Կրկեսային համարներից բացի փոքրիկ հանդիսատեսին ծաղրածուն ուրախացրեց իր հումորային արկածներով և նվերներով:
Շոու ծրագրի երկրորդ օրվա ներկայացմանը միացել էր «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության 11 սաները:
«Տեղեկանալով, որ Երեւանում հյուրախաղերով հանդես է գալու «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը , մեր հաստատությունը դիմեց կրկեսի ադմինիստրացիային անվճար տոմսեր մեր սաներին տրամադրելու խնդրանքով: Սիրով մեզ ընդառաջեցին և այսօր մեր սաները հնարավորություն ունեցան վայելելու այս հիանալի շոու ծրագիրը»,- ասաց «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը:
Ըստ Թ. Սիմոնյանի, երեխաները ներկայացումից, ծաղրածուի արկածներից մեծ հաճույք ու բավականություն ստացան: Նրանք այնքան ոգևորված էին, որ մեկը մյուսին հերթ չտալով կիսվում էին իրենց տպավորություններով:Նրանց անգամ ետ չպահեց այն փաստը, որ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:Նա ցավով փաստեց, որ սաները` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ցավոք առաջին անգամ էին այցելում կրկես:
Կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանի խոսքերով.«Սա մոսկովյան կրկես է, և մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից, ԱՊՀ այլ երկրներից: Կրկեսի կազմակերպիչները խոստանում են հաճախ ապահովել անհրաժեշտ տոմսերով ծերանոցի տարեցներին, մանկատների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:
Կրկեսային շոու ծրագրից հետո հանդիսատեսի անդադար ծափահարությունները հաստատեց այն փաստը, որ շոուն ստացված է, և ոչ միայն փոքրիկները, այլև` մեծահասակները մեծ տպավորություններով ու լիցքաթափված հեռացան դահլիճից՝ խոստանալով, որ առաջիկայում արդեն իրենց ընկերների հետ կայցելեն ու կկիսվեն միմյանց հետ իրենց անմոռանալի տպավորություններով:
Շապիտո կրկեսի ներկայացումները տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում: