Կորոնավիրուսով 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխանին. Փաշինյան
Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվողներից որեւէ մեկի մոտ եւս որեւէ ախտանշան ի հայտ չի եկել՝ ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն. «Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են, այսինքն չի հաստատվել: Հիմա այսօր օրվա ընթացքում կհասցնենք 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինումէ դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է: Այսինքն վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեսատվորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք»:
Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ խոսել է նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
"Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին", - ասել է նա։