24.11.2024
Ապօրինի որդեգրումների գործով մեղադրվող Լիանա Կարապետյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։


Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել.


«Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի: