ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետապնդման ետևում անտեսանելի ձեռք են տեսնում
Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, որոնք այսօր եկել են դատարան աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նրա դեմ քրեական հետապնդումը համարում են շինծու և կապում են Արցախյան կարգավորման գործընթացում բացասական զարգացումների հետ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ գործը ծայրից ծայր շինծու է և այլևս կասկածից վեր է, որ չեն կարող պատահական լինել նման համընկնումներ.
«Ընթանում է Հայաստանի երկու նախագահների, Արցախի հերոսների նկատմամբ դատական գործընթաց, իսկ մյուս կողմից սեղմվում է օղակը Արցախի հիմնախնդրի շուրջ: Սա իրականացնում է ինչ-որ մի անտեսանելի ձեռք և այս գործընթացները միմյանց հետ փոխկապակցված են»,- ասաց Աշոտյանը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչի մասին է ակնարկում:
Իր հերթին, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ասաց, որ ևս գործընթացը համարում է շինծու ու կապում այն Արցախի հիմնահարցի հետ.
«Արցախյան գործընթացում վերակենդանանում են 90-ականներից մոռացված ադրբեջանական համայնք հասկացությունը, որը չի կարող պատերազմից բացի որևէ այլ բանի բերել: Ես ևս կարծում եմ, որ նախագահների դեմ քրեական հետապնդումներն ու Արցախյան գործընթացում տեղի ունեցող զարգացումներն միմյանց հետ կապ ունեն»,- ասաց նա՝ ևս հրաժարվելով մանրամասնել ասածը:
VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։ Իրենց աջակցությունը նախկին նախագահին հայտնելու այստեղ են եկել մի շարք ՀՀԿ-ականներ՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլք։
Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանի մերձավոր համարվող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ ընկերության նախագահը։