Քննչական կոմիտեում քննարկել են բանակում արձանագրված մահվան դեպքերով քննվող քրգործերը
Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով փետրվարի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ լրատվության ծառայությունից։
Աշխատանքային խորհրդակցությունն անցկացվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ:
Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը եւ բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաեւ ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների եւ քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:
Միեւնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել հայեցակարգ՝ միտված նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելուն: