Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը. Վանեցյան
Եթե ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- նշել է Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հավելելով, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը: