Հայաստանի նախագահը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա:
Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։
Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի Անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին, նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Մյունխենի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։